Եւ դուք պիտի յիշէք ձեր չար ճանապարհները եւ ձեր գործերը որ լաւ չէին,
եւ պիտի զզուիք ձեզանից ձեր անօրէնութիւնների համար եւ
ձեր պղծութիւնների համար…
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
Այս աշխարհ մտած ամեն մարդ, ինչ-ինչ, ընկերներ ունենալու է՝ օրվա կամ էլ հավիտենության ընկեր, լավ օրերի կամ էլ նեղ օրերի ընկեր, ընկեր ճակատագրով, ընկեր ճանապարհի և, իհարկե, հացի սեղան նստելու ընկեր։ Եվ ինչպես շնորհը, որ Աստծուց է, այնպես էլ կյանք-ճանապարհի ընկերը։ Ահավասիկ, ինձ համար այդպիսին էր Հովհաննես Մելքոնյան արձակագիրը։ Հովհաննեսն էլ, ես էլ ծնվել ենք չարանենգ 1937-ին, երբ հայրենիքի դավաճանները վխտում էին, հայրենիքի սիրով այրվողները՝ հառաչում։ Չարենցի բառերով ասած, արև էին մորթում։ Մեծ բանաստեղծը կանխազգաց ու գրեց. «Մոտենում է քույր իմ, քույր, իրիկունս միգամած»։ Այլ առիթով ասել եմ, այժմ էլ ասում եմ, հավիտենական ցավալին գրող կոչվածների վերաբերմունքն է։ Գրողի անուն հագնել, գրիչ վերցնել ու միաժամանակ գետնաքարշ ու մորթապա՞շտ լինել։ Անհամատեղելի են։ Այն ժամանակվա գրողների միության անդամ գրողները մեկուսացրին Եղիշե Չարենցին։ Հեռացավ։ Եվ ասպարեզը մնաց, Ջիվանու բառով ասած, համբակներին։ Նրանք անդամ էլ մնացին, իսկ Չարենցը, դուրս գալով մտքի ու հոգու ճահճից, իրեն ծնող հայ ժողովրդի սրտում տեղ գտավ։ Տխրահռչակ իշխանությունները, որ կարծես ազգի կյանքում շարունակական են, Չարենցի մարմնին իսկ տեղ չտվին, այն է՝ չարժանացրին գերեզման ու գերեզմանաքար ունենալուն։ Ճիշտ այդպես, քարաշատ Հայաստանը քար չգցեց շիրմի վրա։ Չարենցը մահկանացուն կնքեց բանտում։ Ինչպե՜ս չասեմ, ինչպես իշխանությունների, այնպես էլ գրող կոչվածների, միության անդամ դարձածների, վարքը դիվային եղավ։ Պարույր Սևակին էլ մեկուսացրին։ Գնաց փակվեց իր գյուղում։ Իր ասածի նման, եղածն եղավ միագամից։ Հովհաննես Շիրազն էլ հազվադեպ էր մտնում միջակությունների տունը։ Գալով Հովհաննես Մելքոնյանին, ստեղծեց գրողական մի նոր միություն և կոչեց հայ, ասել է թե՝ փորձեց հոգևոր միևնույն դաշտում միավորել ազգի աշխարհացրիվ մտավորականությանը։
Իսկ ի՞նչ պատահեց, ի՞նչ եղավ հետո։ Եղավ այն, ինչ լինելու էր, պատահեց այն, ինչ պատահել էր Չարենցի, Պարույր Սևակի, Մուշեղ Գալշոյանի, Մինաս Ավետիսյանի հետ։ Ինչպես նրանք, ինքն էլ գնաց, այս աշխարհից հեռացավ ոչ բնական ճանապարհով՝ ընկնելով, ինչպես ընդունված է ասել, «դժբախտ պատահար» կոչվածի տակ։
Եղածը եղել էր, մնում էր Հովհաննես Մելքոնյան գրող անհատականությանը հուղարկավորել արժանապատվորեն։ Տեղի հարց առաջացավ։ Ավա՜ղ, ինչպես նախանձն ու ագահությունը, այնպես էլ մարդկային ստորությունը, չափ ու սահման չեն ճանաչում. ի պատասխան Երևանի քաղաքապետարանի հարցման, Հայաստանի գրողների միությունից հնչեցրել էին. «Մենք գրողների միության կազմում այդպիսի անդամ չունենք, չենք ճանաչում»։ Այս որ լսում, գրում եմ, մտածում էլ եմ՝ ինչ լավ է, որ չեն ճանաչել, ճանաչեի՞ն, Հովհաննես Մելքոնյանն էլ իրենց նմանվելու էր, այն է՝ կենդանի մեռելներից մեկը լինելու էր։ Ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Հովհաննեսի տղան՝ Ռուբեն Մելքոնյանը, որ հայտնի է որպես թրքագետ, գործի դնելով հեղինակությունը, մարդկային ու աստվածային պարկեշտությունը, հասկացրեց, որ իր հայրը փառք փնտրողների, գրող աշխատողների ոհմակի մեջ չէ, անդամների մեջ չէ, ընտրյալների մեջ է։ Հոգևոր արթնության եկածներին այլևս հարկավոր չեղավ գրողական կուսակցության երաշխավորագիրը։ Արդյունքում քաղաքային պանթեոնի պատիվն ավելացավ Հովհաննես Մելքոնյան անհատականության շիրիմ-շիրմաքարով ու անվամբ։
Կյանքը շարունակվում է։ Ինձ համար, և ոչ միայն ինձ համար, որքան ցավալի է Հովհաննես Մելքոնյանի հետ պատահածը, նույնքան ոգեշնչող, կյանքի կոչող, քաջալերող է Ռուբեն Մելքոնյան որդու վարքը, որ բխումն է հավիտենական սիրո։ Հայրը՝ Հովհաննեսը, գերբնական կապով կապված էր իր Ռուբեն հոր հետ, որին տեսել էր ընդամենը 3-4 տարեկան եղած ժամանակ։ 1941-ին գնացել ու այլևս կռվի դաշտից չէր վերադարձել։ Միայն լսել էր, գիտեր էլ, որ Հոլանդիայում հուշաքար կա, որին փորագրված է Ռուբեն Մելքոնյան անուն-ազգանունը։ Հոր հետքերով գնալու փափագը սրտի մեջ էր։ Չհասցրեց գնալ, հայրենիքի մի բուռ հողը տանել, շաղ տալ հոր գերեզմանին։ Իղձը կատարեց, իրականացրեց որդին՝ Ռուբենը, գնաց Հոլանդիա, գտավ շիրիմը և շաղ տվեց օրհնված մի բուռ հողը։ Սա Ռուբեն Մելքոնյան թոռան և Ռուբեն Մելքոնյան պապի հանդիպումն էր՝ այս ու այն աշխարհների սահմանագծին։ Եվ քանի որ հոգին անմահ է, Հովհաննես Մելքոնյան հայրը հայտնվում է երազով և Ռուբեն Մելքոնյան որդուն գոհություն հայտնում… Սա, ինչպես ասում են, առանձին, հոգեցունց պատմություն է, սերունդների դասական, աներևույթ, բայց և հավիտենական կապի ու կարոտի պատմություն, որին արժե անդրադառնալ մեկ այլ առիթով։ Միայն ասեմ, որ ոչ մի բան՝ կապված հոր հետ, Ռուբեն որդու աչքից չի վրիպել։ Ահա մի մանրամասն. «Հոլանդական արխիվային փաստաթղթերի հետ ծանոթությունը մի կարևոր զուգադիպություն բացահայտեց ինձ համար. պապս՝ Ռուբեն Մելքոնյանը, ֆաշիստների կողմից խոշտանգումներից հետո նահատակվել և թաղվել էր 1944 թվականի դեկտեմբերի 9-ին, 2009 թվականի դեկտեմբերի 9-ը հորս թաղման օրն էր… Երևի թե անսահման սերը հոր նկատմամբ ստիպել էր, որ մայր հողը տարբեր տարիներին, սակայն նույն օրը իր գիրկը վերցներ հոր և որդու մարմինները»։
Մեկ այլ զգացում ևս հանգիստ չի տալիս Ռուբեն որդու հոգուն. «…Իմ բաժանումը հորս հետ «ավանդական» չեղավ, մահվան սնարի կողքին խորհուրդներ և խրատներ չլսեցի, ճակատագրի բերումով մեր բաժանումը հիվանդանոցում էր, ուր ավտովթարից հետո անգիտակից տեղափոխվել էր նա: Չգիտեմ, թե հորս ծննդի առաջին ճիչը ով է լսել, սակայն հոգին ավանդելու վերջին հոգոցը ես լսեցի: Ի դեպ, մարդու վերջին հոգոցի վերաբերյալ Հովհաննես Մելքոնյանի մտորումները գեղարվեստական հետևյալ արտահայտումն են գտել «Ինչ մեծ իմաստ ունեցող բառ է հոգոցը»: Եվ այդ մեն-միհատիկ բառով խոսում են մահվան մահճում, դա մարդկանց ամենավերջին բառն է, որ ասում են՝ մոռացած մյուս բոլոր բառերը, կյանքում ասած մյուս բոլոր խոսքերը»:
Ահա Ռուբեն որդու նկատած բոլորովին մեկ այլ վկայություն ևս. «Հովհաննես Մելքոնյանի հիշողության ուղղությամբ կարևորում եմ նրա ուսանողական ընկերոջ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան, արցախյան շարժման լեգենդար և ակտիվ գործիչներից Գուրգեն Մելիքյանի քայլը. նա 2010 թ. Արցախի ազատագրված Բերձորի շրջանում Հիշատակի այգի կոչված հատվածում տնկեց մի ընկուզենի հորս անունով և նրա հիշատակին։ Այսօր ազատ Արցախում վեհորեն աճում է Հովհաննես Մելքոնյան անունը կրող ընկուզենին, իսկ հայտնի է, որ ընկուզենիները երկարակյաց են…»։
Ռուբեն Մելքոնյան զավակի բնական, ավանդական ու նաև հույժ կարևոր մյուս քայլը, իր կողմից, իր հոր հիշատակը հավերժացնելն էր։ Ֆիրդուսին, մտքի և հոգու այս հանճարը, գիր ունի. «Ես կերտեցի մի հուշարձան այնպիսի, որին արևն ու անձրևը և քամին չեն վնասի, // Դարեր իրար կհաջորդեն, բայց իմ երգը կմնա, // Եվ ամեն մարդ կուզե կարդալ, եթե խելքի տեր է նա»։ Ռուբենն էլ առաջնորդվում է այս սկզբունքով, այն է՝ կազմում, խմբագրում, տեսքի բերում, ամբողջացնում է մի ժողովածու, որի մեջ Հովհաննես Մելքոնյան գրողին ու մարդուն վերաբերող վկայություններն են։ Գրավոր Հովհաննեսն ամբողջանում է իր բանավորով։
Վկայողների թիվը մոտենում է յոթանասունին։ Այդքան մարդ անկեղծացել է, զգացել հավիտենական կյանքի խոսքի հմայքը, առնչվել պահի հավիտենության հետ։ Ի դեպ, այստեղ միայն գրող-գրչակիցները չեն, միայն արվեստի մարդիկ չեն, ընկերներն էլ են։
Ամեն բան, թող թույլ տրվի ասել, մաթեմատիկական ճշգրտությամբ արված է։ Նախ՝ վերնագիրը, դիպուկ է և գործի էությունը խորհրդանշող. «Բառակերտ հուշարձան Հովհաննես Մելքոնյանին»։ Այնուհետև, վկայողների անունները գրքում դրել է ոչ թե այբբենական կարգով, այլ ըստ արմատական առնչությունների՝ սկզբի և ընթացքի։ Առաջինը համալսարանական ընկերն է՝ Վազգեն Գաբրիելյանը։ Եվ ո՜վ զարմանք, հոգևոր ճամփի սկզբի և վերջի Հովհաննեսները ոչնչով չեն տարբերվում միմյանցից, բնույթով ու էությամբ չեն տարբերվում։ Միշտ մտածել եմ՝ Հովհաննեսն այս ինչպիսի՜ զգացողություն ունի պոեզիայի, արձակագիր լինելով, բանաստեղծի նման, մի բան էլ ավելի, զգում է բանաստեղծությունը, զգում է բանաստեղծի ու բանաստեղծության թրթիռը։ Պարզվում է, սկսել է բանաստեղծությամբ և ընթացքում տեսել իրեն. «Մի ձեռք չկա, որ ինձ շոյի, // Մի մարդ չկա՝ ոգևորվի, // Շուրջս փուշ է, բայց ջանամ՝ // Իմ նուրբ հոգին չկորի»։ Հիրավի, չարի այս աշխարհը Հովհաննեսից շատ բան խլեց, ընդհուպ մարմնի կյանքը, մինչդեռ հոգուն, որքան էլ ուզեց, չկարողացավ դիպչել։ Սատանան շատ բան խոստացավ, շատ անգամներ, մեծ պարգևներով ուզեց գայթակղել, սակայն Հովհաննես Մելքոնյան գրողը մնաց անդրդվելի, անկաշառ, մնաց աստվածային իր բնությամբ։ Ավելին, «Հետիս գնա, սատանա» ասելով, դարձավ դեպի անաղարտը, դեպի նախնականը, դեպի մաքրամաքուրը. «Երանի՜ այն օրերին, երբ ջահել էինք, ծաղկած էինք, սոված էինք…»։ Կարդում և ուրախանում եմ` խոսքն այս աղերս ունի Աստծո ասածի հետ. «Կգա ժամանակ և դուք կկարոտեք ձեր աղքատության օրերը»։ Կարծում եմ, ամեն հայ, որ այսօր թողնում է հայրենիքն ու հայրենի տունը և գնում հացի հետևից, դառնությամբ լալու և կարոտով հիշելու է իր աղքատության օրերը, այն օրերը, երբ միասին էին։
«Կյանքս կռվով անցուցի». Գրիգոր Զոհրապն այսպես, այս կերպ բնութագրել է իրեն ու իր կյանքը։ Լուսահոգի Պերճ Ստեփանյան մտավորականն էլ, որ պարկեշտ ու առաքինի մարդ էր, վկայում է. «Հովհաննես Մելքոնյանի կյանքն էլ կռվով անցավ։ Դա կռիվ էր հանուն ազնվության, հայրենասիրության, ճշմարտության»։
Մարդուն միշտ էլ հետաքրքրելու է, թե ինչ են խոսում իր մասին։ Այս բանը հետաքրքրել է նույնիսկ մարդացյալ Աստված Հիսուս Քրիստոսին։ Սա հարցի մի կողմն է։ Մյուսը` մարդիկ միշտ էլ ցանկանալու են իմանալ, թե այն մեկը, որ տարբերվում է իրենցից, առանձնացած է, խորհրդավոր, ի՞նչ է ասում, ի՞նչ է մտածում։ Երբեմն էլ ասելու են՝ ո՞վ է այս մարդը։ Ահավասիկ, այս գրքի շարժառիթներից մեկն էլ դա է՝ ո՞վ էր Հովհաննես Մելքոնյան մարդը, որ գրողի նման համբավ ուներ։ Շատերին ափսոսանքի զգացումը տիրելու է՝ ինչո՞ւ ժամանակին չտեսան և ինչպես հարկն է չգնահատեցին ու չսիրեցին։ Ահավասիկ, հոգու պարտքի գիտակցությամբ ստեղծված է այս գիրքը։ Հովհաննեսի համա՞ր է, ոչ այնքան, որքան մեզ համար։ Այս գրքում էլ Հովհաննեսը խոսում, քաջալերում և ինչու չէ, հուսադրում, մխիթարում է մեզ։ Եվ այն, որ մենք վկայում-խոսում ենք, մեզ թելադրող-խոսեցնողը դարձյալ Հովհաննեսն է։ Ամեն մեկի խոսքի անկեղծությունն էլ նրանից, նրա էությունից բխելու է։ Այնպես որ, Հովհաննես Մելքոնյանը՝ որպես մարդ և որպես ստեղծագործող, հեղինակակից է այս ժողովածուին։
Եվ քանի որ իմ ձևակերպումները և մեկնությունները շատ ավելի լավը չեն լինելու, նախընտրելու եմ մեջբերումների տարբերակը. «…Չգնաց կոմպրոմիսի։ Նա մնաց անկախ և մենակ։ Նա մնաց ձիգ, իր ճանապարհից չշեղվեց, հեռու մնաց կուսակցական ցրտերից։ Նա ուներ իր ներքին սահմանադրությունը… Սովետական գրող չդարձավ, մնաց հայ գրող, մնաց նվիրյալ հայկական ոգուն, մնաց նվիրյալ մեր ավանդական կերպին»։ Սա մեջբերում է Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքից։ Ի դեպ, Մերուժանը Հովհաննես Մելքոնյանի մեծագույն արժեքը ժամանակակից մարդուն գրականություն բերելն է համարում։ Իսկ այ, Ռոբերտ Հարությունյանը, որ մեր դերասանական արվեստի աչքի ընկնողներից է, Հովհաննեսին, որպես ընկեր, դիտել է մեկ այլ տեսանկյունից՝ խոսքին տալով հաղորդակցության ձև. «Տարհանված տառապանքների հետ բոկոտն քայլեցիր Տեր Զորի այրող ու կիզիչ արևի տակ։ Ապրեցիր նրանց հետ։ Ապրեցիր նրանց չապրած կյանքով։ Ապրեցրիր նրանց։ Մշո դաշտի ու գաղթի ճանապարհի ծակող հիշողության փշերը քո ներբաններից չհանեցիր… Չհարմարվեցիր։ Դափնիներ չստացար։ Հեռացար։ Գնացիր։ Երբ կյանքից հեռանում է ժողովրդի հավաքական կամքով աշխարհ եկած գրողը, հեռանում է նաև ժողովրդի ոգուց բարբառողը, Աստծո կամքով, Աստծո լեզվով ժողովրդի թարգմանը, Աշխարհը Աստծո հետ կապող խոսնակը»։
Գրողը, հոգևոր մարդը, հոգու մարդը, տարբերվելու է մյուսներից։ Գիտնականի արած-ասածը կարողանալու է անել-հայտնաբերել-ասել մեկ ուրիշը՝ նույնպես գիտնական։ Մինչդեռ գիրը կրկնություն չի լինելու, ասել է՝ ինչ որ դու ես գրելու, մեկ ուրիշը չի կարողանալու գրել։ Հովհաննեսն այս գիտակցությամբ էլ գրում էր ու նաև ապրում։ Հավատում էր բառի թե՛ կենդանությանը և թե հավիտենությանը։ Զրուցելիս, Անդրանիկ Հարությունյան արտիստն ասել է. «Մենք անիմաստ ենք խոսում, սրա իմաստը ո՞րն է ի վերջո»։ Հովհաննեսը պատասխանել է. «Անդրանիկ ջան, կարևորը մենք օդը լցնում ենք, մարդիկ կշնչեն»։ Ժամանակներ անց Անդրանիկը խոսելու էր, ավա՜ղ, անցյալ ժամանակով. «Իր ժողովրդի պատմության դեպքերի պահակն էր Հովհաննեսը։ Հովհաննես Մելքոնյանը նման էր մեր մշակույթին, մեր մշակույթը նման էր Հովհաննես Մելքոնյանին, Հովհաննես Մելքոնյանը նման էր մեր գրականությանը, մեր գրականությունը նման էր Հովհաննես Մելքոնյանին։ Հովհաննես Մելքոնյանը նման էր մեր ժողովրդին, ժողովուրդը նման էր Հովհաննես Մելքոնյանին»։
Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է այն, որ հայրենիքն ու հայրենիքի զինվորը, ժողովուրդն ու ժողովրդի զավակը, արվեստն ու արվեստի մարդը, ուզեն թե չուզեն, նույնանալու են։ Ինչ խոսք, սա վերաբերելու է ամեն անձի՝ լինի մտավորական, լինի պետական գործիչ, լինի իշխանության ներկայացուցիչ, ղեկավար։ Երբ կտրված է այդ կապը, անկասկած, երկիրն անկում ապրելու է։ Համո Սահյանն ասում էր՝ թագավորը, որպեսզի երկիր ունենա, իր անձը զոհաբերելու պատրաստ լինելու է։ Իսկ գրողն էլ, հարկ եղած պարագայում, զոհաբերության գնալու է, եթե ուզում է ազգ ունենալ և պահել։ Այս առումով, տեղին է մեջբերել Ամիրան Գալստյանի վկայությունը. «Ես ուզում եմ մշտապես իմ ժողովրդի կողքին լինել, նրա աչքի առջև, ես իմ ժողովրդից չեմ թաքնվել և չեմ թաքնվելու», մի առիթով ասել է Հովհաննեսը։ Իսկ Հակոբ Մովսեսը, որ իր անձով և իր գրչով առաքինի է, նկատել է. «Կենդանի էր պահում այն, ինչը հսկողությունից դուրս է և պատկանում է ազատությանը… Լեզվի նվազագույնով ասելիքի և տպավորությունների առավելագույնին հասնելու մեջ նա իրեն հավասարը չունի»։ Նույն Հակոբ Մովսեսը նույն անկեղծությամբ առաջանում է, շեշտում. «Մի ձեռքի մատների վրա հաշվվող մարդկանցից և գրողներից էր, որ անկախացել էին ոչ թե անկախությունից հետո, այլ անկախությունից առաջ անկախ էին և այդպես էլ ապրում էին իրենց կյանքը և անում էին իրենց գրականությունը»։ Գրեթե այս նույն բանն ասում է Հովհաննեսի գրչեղբայր ու ճանապարհի ընկեր Վահագն Մուղնեցյանը. «Ոչ ոքի տրված չէր ապրել այնպես, ինչպես ապրեց իմ շենշող ընկեր-գրչեղբայր Հովհաննես Մելքոնյանը, որովհետև նա իր կյանքն ապրեց, նա ապրեց ի՛ր կյանքը… Ես ճանաչում եմ իմ սերնդակից, ավագ, ապա և եկող շնորհալիներին, այն քչերին, ովքեր չեն թողնում, որ մեռնի հայոց գրական հարընթացը, այն ընթացքը, որն արգելակվելու իրավունք չունի։ Հովհաննես Մելքոնյանն այդ ստույգ քչերից մեկն է, ոչ միայն որպես ինքնակերպ տաղանդավոր ստեղծագործող, այլև որպես ընդգծված գրագետ մտավորական, այն գրագետը, որը Վիլյամ Սարոյանի գնահատմամբ, մեծարանք էր»։
Հովհաննեսն այն մարդն էր, որի ներկայության մեջ ոչ միայն քեզ լավ ու ապահով, այլև ազատ զգալու, բացվելու էիր։ Եվ որովհետև հոգևոր էր, իր ֆիզիկական բացակայության ընթացքում էլ ներկա գտնվելու և նույնը անելու է։ Ահա թե ինչ է ասում անվանի արձակագիր Վահան Սաղաթելյանը. «Մտքով ու հույզով մինչև վերջ էր տրվում՝ չխնայելով ոչ իրեն, ոչ դիմացինին։ Զարմանալի հոտառություն ուներ արձակ կոչված ժանրում. իր նկարագրածը տեսանելի դարձնելու հնարքում անվրեպ աչք ուներ, իր մտքով տեսածը մեր աչքով հասցնելու անուրանալի տաղանդ։ Եվ դա իր գրողական խաչն էր, ընկալումն ու հավատամքը, այրումն ու մոխրացումը։ ՈՒրիշների հետևից չէր գնում, ուրիշներն էին իր հետևից գնում»։ Այդպես էլ կա. այժմ էլ մենք փնտրում ենք Հովհաննեսին, գնում ենք դեպի իրեն, շարունակում ենք հետը խոսել, շարունակում ենք լսել իրեն։ Ոչ միայն մենք, մայր Հայաստանում ապրողներս, այլև Հովհաննեսին տեսնում և նրա գործն արժևորում էին սփյուռքահայերը։ Ահա նրանցից մեկը, լիբանանահայ գրականագետ Պօղոս Սնապյանը. «Իր սերունդին հետ ան տակաւին ապրեցաւ այն հեղձուցիչ մթնոլորտին մէջ, ուր կարօտը յանցանք համարուեցաւ Կարմիր իշխանութիւններուն կողմէ, հայրենասիրութիւնը՝ մահացու մեղք, ինքնուրույնութեան որոնումը՝ գաղափարական շեղում, եւ այդ զգայնութեանց կրողները հալածուեցան, բանտարկուեցան, աքսորուեցան ու գնդակահարուեցան աննախընթաց անգթությամբ մը։ Այդ տիպարներուն ու անոնց պարագաներուն հոգեկան աշխարհը պեղած գրագէտ է ան ու իր արձանագրած ողբերգական իրադարձութեանց հետ՝ հոգեկան, լեզուական ու ոճական քիչ գանձեր չէ յայտնաբերած… «Ոճիրի բուրգեր»-ը յիշատակարան է՝ ու առաւել բան մը, պատմութիւն՝ ու առաւել բան մը, իւրաքանչիւր էջի մէջ նորութիւն մը կը զարնուի ընթերցողին ուղեղին, նեարդներուն, երեւակայութեան, դատողութեան ու կը դրոշմուի անջինջ կնիքով»։
Այս կարդալով, Հիսուս Քրիստոսի հետևորդների կյանքը հիշելու ես. նրանք էլ հալածվեցին, բանտ նետվեցին, մահվան դատապարտվեցին։ Անշուշտ, Հովհաննես Մելքոնյանին Հիսուսի հետևորդ չենք համարելու, սակայն, հայ ժողովրդի քրիստոնեից մշակույթի հետևորդներից ու այդ աստվածային մշակույթը զարգացնողներից մեկը համարելու ենք։ Վերն ասացի, սատանան նրան հետամուտ եղել, փորձությունների ենթարկել է, բայց նա շարունակել է մնալ հայ ժողովրդի զավակը, անդավաճան զավակը։ Ազգային գրականություն, ազգային կերպար ասելիս միշտ էլ հասկացել եմ և հասկանալու եմ նույն աստվածայինը։ Ինչո՞ւ։ Որովհետև քրիստոնյա ազգը, որպես հոգի և մարմին, Աստծունն է։ Անկասկած, ազգին ծառայողը, ազնվաբար, անկաշառ ծառայողը Աստծուն ծառայած համարվելու է։
Երբ Հովհաննեսի հոգեհանգիստն էր, իր տանը, իր ննջասենյակում, մարդիկ տեսնում և միմյանց ասում էին՝ ինչպես թե ննջած լինի։ Հիրավի, լույս ու կենդանություն կար երեսին, երես, որ բոլորովին էլ նման չէր գերեզման իջնողի։ Ինչպես թե Հովհաննեսը մաքրված լիներ աշխարհական աղտից։ Հոգին հեռանալիս մարմնին թողել էր լույսի կնիքը։ Լևոն Խեչոյան տնտեսագետ-գիտնական ընկերը շշնջաց. «Դեմքին մնացել է Հովհաննեսի միմիայն աստվածայինը»։ Մեկ այլ բարեպաշտ, աշխարհ տեսած, աշխարհի դառնությունը ճաշակած մարդ, որին դիմում և ասում էինք Վիգեն Պավլովիչ, դեռևս ներս չմտած, տան մուտքին, հառաչեց. «Հրեշտակի նման մարդուն ի՞նչ պատահեց»։ Ահա և բանաստեղծ Սարգիս Կարեյանի զգացածը. «Զարմանալիորեն շքեղ, լուսավոր էր դեմքը, վսեմ ճակատը բարձր էր ու լայն, շուրթերը ահագին լեցուն էին, ավելի կենդանի, առողջ, այո՛, այո՛, ավելի՛ կենդանի, առողջ ու դեռ փոքր… քմծիծաղող… Շա՛տ վերևից, ո՞վ գիտի իր ո՛ր մի երկնքով թռչող ու վար նայողի տարածական հեգնանք կար այս անցողիկ աշխարհի վրա… ՈՒրիշ կանոնների ենթարկվող, ուրիշ կանոններով ապրող այս նեղ աշխարհի վրա… ՈՒրեմն, նա երկնային պարունակում գտել էր իր արժանի տեղը, ըստ իր հոգու, ոգու բերած իրական վսեմ վիճակին»։ Իսկ ըստ Վազգեն Առաքելյան բանաստեղծի վկայության, Հովհաննես Շիրազը Հովհաննես Մելքոնյանին տվել է հետևյալ բնութագիրը. «…Մեծ տաղանդ է, այն էլ ճշմարիտ, ազատված և մաքրված բոլոր ավելորդ թնջուկներից և իզմերից։ Աստված խոսել է մեջը… Իր ցավի ու արյան հիշողության մասին է իր գիրը»։
«Կոտայք» թերթի խմբագիր, արձակագիր Խիկար Գեղամյանը խոսքը համեմում, ամբողջացնում է Հովհաննես Մելքոնյանի հոդվածից կատարած մեջբերումով. «Մեր ծերունազարդ պատմության մեջ քիչ ժամանակներ են եղել, երբ աստվածային վսեմությունը և դիվական նսեմությունը, հերոսությունն ու հոնությունը, հայրենասիրությունն ու հանցասիրությունը, անձնուրացությունն ու ավազակությունը, սրբապաշտությունն ու սատանայապաշտությունն իրար այսքան մերձ, մոտ ու միահյուսված լինեն, ինչպես եղան անկախության այս տասնհինգ տարիներին…»։
Թերթելով վկայությունների այս ժողովածուի էջերը, նորից ու նորից համոզվում ես, որ մեկի տեսածը տեսնելու է մյուսն էլ. «…Պայծառ մի լույս էր իջել բարկություն բերող ժամանակների վթարներին զոհ դարձած Հովհաննես Մելքոնյանի դեմքին՝ ճերմակ լույս, որովհետև Աստծո արդարասեր որդիները, երբ վախճանվում են, նրանց արած արդարության գործերն են հաղթանակած լույսի նման վերադառնում իրենց»։ Այս ու այսպես խոսել է աստվածընծա գրչի տեր Մաքսիմ Ոսկանյանը։
Բանաստեղծուհի Մետաքսեն էլ տեսել ու խորհել է. «…Անիմանալի են ոչ միայն Աստծո գործերը, այլև սատանայի, որի գործած ցանցերն աննկատելի թակարդում են Աստծո արդարությանն օգնող նահատակներին, որոնց կես ճանապարհից Բարձրյալի հրեշտակներն ուղեկցում են բուրգերի լուսաթաթախ եդեմը՝ այնտեղ հավերժորեն փառավորվելու»։ Վարուժան Խաստուրն էլ գրեթե նույնը նկատել է. «Անաչառ էր և ըմբոստ, բարի էր ու շռայլ, ուներ բացառիկ ներքին ազատություն… Ճակատին լույս կար և վեհություն…»։ Այս ամենին համահունչ է գրականագետ Աբգար Ափինյանի տված բնութագիրը. «Հովհաննես Մելքոնյանի գիրը կրակված տողն է։ Ասես չի գրում, ընթերցողի աչքի առաջ իրեն կրակն է գցում, այրում է իր սիրտը, որ քնից արթնացնի քարացած աշխարհը»։ Այնուհետև այս խոսքին հետևում է Հովհաննես Մելքոնյան մտավորականի պատգամը. «Ես ձեզ ասում եմ՝ նզովեք աշխարհի վրա եղած չարիքը. հին անցած լինի, նոր եղած լինի, թե նոր եկող։ Նզովեք աշխարհի վրա եղած չարիքը և դեմ գնալով արմատից կտրեցեք աշխարհի վրա գոյություն ունեցող չարագործներին՝ հին անցած լինեն, նոր եկած լինեն, նոր եկող լինեն… Նզովեք, խափանեք, փակեք նրանց ճանապարհը»։
Այսպես. Հովհաննես Մելքոնյանին հոգու աչքով տեսնողներ եղել են։ Հիրավի, նկատելի էր նրա աստվածային բնությունը, որ արտահայտվում էր կենցաղում էլ՝ ընկածին բարձրացնելով, սովածին հաց տալով, թույլի կողքը կանգնելով, բանտում գտնվողին այցելելով և նման բարձր հատկանիշներով։ Իսկ ինչ վերաբերում է գրին ու գրչին, ոչ չարին բարի է ասել և ոչ էլ բարուն ասել է՝ չար։ Հովհաննեսի համար լույսը լույս է եղել, խավարը՝ խավար։ Իրերն իրենց անունով կոչելու քաջությունն ունեցել է։ Եվ քանի որ տիրապետում էր հայոց լեզվին, ուներ հայոց լեզվի մտածողությունը, չէր կարող չզանազանել երկրայինն ու վերերկրայինը, ասել է թե՝ չէր կարող չունենալ աստվածաշնչյան բնություն։ Եվ այդ բնությունը երևալու էր գրեթե բոլոր գործերում, ինչպես և նամակներում, որ, ասենք, ուղղված էին Մոսկվայում գտնվող գրչեղբորը՝ Մուշեղ Գալշոյանին։ Ի դեպ, հայորդիներ Հովհաննեսի և Մուշեղի միմյանց հասցեագրած նամակները, որ գրական մնայուն արժեք են, տպագրվում են առաջին անգամ։ Մտերմիկ զրույցներ են սրանք։ Հովհաննեսը գրում է. «Սիրելի Մուշեղ, բարև, ես լավ եմ։ Այսօր ծննդյանս օրն է։ Լավ, արևոտ օր է, ինձ նվեր Աստծո կողմից»։ Մեկ այլ նամակ. «Մի՛ վախեցիր ժանրային շղթաներից, փշրի՛ր։ Եթե հարկավոր է, խախտիր ամեն ինչ տիպը կերտելու համար։ Ձևերին գերի չմնաս, չես էլ մնա, չմնա՛ս։ Հետո ինչ կասեն, ինչ չեն ասի, չլսես»։ Նախ, ուզում է ասել՝ հասարակական կարծիքից վեր կանգնիր, և ապա՝ նոր բան գրելիս ունեցիր ազատ, անկախ, աստվածային մոտեցում։ Մտածողությունը միանգամայն աստվածաշնչյան է։ Հիսուս Քրիստոսն ինքն էլ ասում է, որ նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնի…
Մեկ այլ նամակ. «Մուշեղ ջան։ Իմն էլ (վիպակս) կլինի, Մկրտիչի (խոսքը վերաբերելու է Մկրտիչ Սարգսյանին, որն այդ ժամանակ հրատարակչության գլխավոր խմբագիր էր- Հ. Հ.) ասելով շուտ կլինի… Չեմ վռազում, որովհետև ինչ-որ չափով սիրտս կախ է։ Գրածներիցս լավը կա՝ չգրածս, մեջս… Իմ կարծիքով, իմ սկզբունքով, արհեստական (թեկուզ հանճարեղ հնարանք և այլն լինի) ամեն ինչ խորթ է գրականությանը։ Այդ ձևը ճիգ է։ Իսկ ճիգ պիտի չլինի՝ ո՛չ ձևի, ո՛չ նախադասությունների, ո՛չ բառերի հարցում։ Պետք է ամեն ինչ լինի (գրակ. մեջ) բնության նման, ամեն ինչ պիտի բնություն լինի։ Օրինակ, Արարատ արարող աստվածային բնությունը իր ստեղծագործությունը բնական (կարծես երկրագնդի այդ մասը այդպես էլ պետք է լիներ) հանդարտության մեջ է դրել, չկա ճիգը, հրաշալի ձևեր կան բայց չկա ձևերը կերտելու ճիգը… Չասածս դու շարունակիր, մի խոսքով, հասկացար»։
Թող ինձ ների երջանկահիշատակ Մուշեղ Գալշոյանի լուսավոր հոգին, որ, հասկանալի պատճառով, անդրադառնում եմ միայն Հովհաննեսի գրած նամակներին։ Հովհաննեսի նամակներում, թերևս, Մուշեղին նույնպես տեսնելու ենք. «Ես չուզեցի սկզբից սիրտդ կոտրել, բայց Մոսկվա գնալուդ դեմ էի։ Դա քո բնավորության գծերի ժամանակավոր խաթարում էր, քո սկզբունքներին հակառակ արարք։ Մի խոսքով, արի և մի գնա, սա ամենաճիշտը կլինի»։ Հովհաննեսն այնուհետև անդրադառնում է իր գրի կերպարներից մեկին, որ ծնունդով Թալինից է. «Սուտ է, ուզում է դրախ-տում էլ լինի, թալինցիները երջանիկ չեն, նրանց ուրախությունն էլ լացի մի տեսակն է… Քթներիս առջև ենք նայում, ազնիվ չենք, մանր հաշիվների գերի։ Մուշե՛ղ, պատկերացրո՛ւ, բոլոր հոդվածները մանր հաշիվներ են արծարծում ի վերջո։ Ես ոչ մեկին չեմ հավատում, ոչ մեկի ասածների մեջ ազնիվ բան չեմ գտնում, որ հավատամ և ասեմ, որ սա ինձ օգնող ուղենիշ կլինի… Թայֆաները մեր գրականության ցեցերն են, և վերջ ի վերջո նրանք դատապարտված են։ Մուշեղ, մի քանի ամիս է, ինչ «Գրական թերթում» եմ և ինչեր եմ զգացել, չես պատկերացնում… Զզվելի է, մարդի՛կ՝ դատարկ։ Բացակայությունդ զգում եմ, մեկը չկա, որ նստես, խոսես»։
Նամակներում, ի դեպ, տեսնելու ենք ոչ միայն հեղինակի գրական-գեղարվեստական սկզբունքները, այլև իրեն ու իր կյանքը. «Այնքան էլ լավ չեմ… Դու չգիտեմ՝ գիտե՞ս, թե ինչպես են միսն ապխտում (բաստուրմա)։ Լավ կտրտում են, աղ անում, ծակծկում՝ ծակերի մեջ աղ լցնում, դնում են ծանր քարերի տակ, միսն արյունից զատում, ապա կախում են արևին, որ չորանա, չորանալուց հետո կծու մի մածուկ են քսում… Այսպիսի մի նման բան էլ մեզ են անում։ Ավելի ճիշտ, կյանքը մեզ այսպես մշակում է։ Ճակատագիր է… «Դրուժբա նարոդով»-ից մի քննադատ էր եկել Երևան, Կուրտիկյանի ամսագրից զանգ տվեց և խնդրեց, որ ես գրեմ Մուշեղ Մանուկյանի գրքի մասին։ Խոստացել եմ 5 օրից ուղարկել։ Հազիվ առիթ է ռուսերեն տառով հայոց խնդրից խոսելու, Եղեռնից խոսելու, Ձորի Միրոյից խոսելու, խոսելու… Որոշել եմ՝ ամբողջ արյունս ծախսելով գրել, տեսնեմ»։
Այս նամակներն իսկ վկայում են, որ երկուսն էլ՝ Հովհաննեսն էլ, Մուշեղն էլ, ազգի նվիրյալ զավակներ են և նրանց սրտի մեջ այրվողը Հայաստանն է, ասել է թե՝ իրենք իրենց ժողովուրդն են, փորձությունների միջով, Գողգոթայով անցնող, խաչվող, հարություն առնող և հավիտենական կյանքով ապրող ժողովուրդը։ Այսօր էլ նրանք կռվի մեջ են, մասնակից են ազատ, անկախ հռչակված Հայաստանի ու հայ ժողովրդի հոգևոր պատերազմին։ Հայոց քարավանը քայլում է, մեր ընթացքին նայելով, երկնային իրենց գահից նրանք խոսում, խորհում են. «Ամեն քարավան իր ճանապարհին կորուստներ ունենում է, իսկ եթե քարավանատերը մենք ենք, ոսկով (գանձով) բեռնված քարավանը ավազակներով բեռնված ճամփեքով քշում ենք առանց զենքի, առանց զինվորի, քշում ենք երգեր հորինել-երգելով, կորուստը ավելի մեծ է։ Կորցնում ենք մաս առ մաս…»։
ՈՒթսունամյա մարդ Հովհաննեսի և հինգհազարամյա հոգի Հովհաննես Մելքոնյանի կյանքի պատկերն ամբողջական դարձնելու նպատակով, նշելու եմ նաև, որ նրա համար իր ընտանիքը սուրբ էր. ընտանիքում հայր էր և ոչ երբեք գրող։ Կինը՝ Պերճուհին, որ հայոց լեզվի հրաշալի մասնագետ է, Հովհաննես ամուսնուն հնազանդ գտնվեց կյանքի բոլոր պարագաներում։ Հովհաննեսի աղջիկները՝ Անին ու Լիլիթը (Լիլոն), ինչպես թե իրենց հոր պահապան հրեշտակները լինեին և են։ Իսկ ինչ վերաբերելու է Ռուբեն որդուն, ասել եմ, Հովհաննեսը նայում էր ակնածանքով՝ ինչպես թե տնից կռվի դաշտ մեկնած և այլևս տուն չվերադարձած հորը հայտնաբերելիս լիներ։ Տեղին է հիշել աստվածաշնչյան խոսքը. որդին հոր մեջ է, հայրը՝ որդու մեջ, հայր և որդի մի են։ Վերն ասացի նաև, հոգեցունց պատմություն է Ռուբեն որդու կորուսյալ երկիր, այն է՝ Արևմտյան Հայաստան գնալը, գալը և այնուհետև Հոլանդիա մեկնելը, պապի գերեզման-շիրմաքարը գտնելը և հոր փափագն իրականացնելը։ Այս ամենը մեզ արմատապես օգնելու են, որ մենք հայ մնանք, Հայաստանը Հայաստան պահենք, ազգը՝ ազգ։
Այն, ինչ գրեցի, գրեցի հավատի մեջ մնալով, հավատի մեջ զորանալով, իմ երկնային Հովհաննես Մելքոնյան եղբոր հավիտենական կյանքի խոսքը լսելով. «Մահ չկա: Մեռնել չկա: Վերջ չկա: Կանգ չկա: Տիեզերքում կարո՞ղ է կանգ ու կանգառ լինել: Վայրկենական կանգը հասցնում է չգոյության: Այդպես էլ մարդկային կյանքում չի կարող կանգ լինել: Մարդն ինչպե՞ս կարող է մեռնել ու մեռնել… Մարդը չի մեռնում, նա ուղղակի ելնում-գնում է, որ նոր մարմնով գա՝ մայրական սուրբ արգանդ-ավազանում լվացված մարմնով, որի վրա մեղքի մազեր չկան, դառնության հող ու փոշի չկան, վախի բշտիկներ չկան, խաբվածության ճարպեր չկան, հայրենադավության-ազգադավության չար ուռուցքներ չկան… Նա գնում է, որ նորից ճչա առաջին ճիչով: Նորից բարուրվի մայրական կաթի բույր ունեցող բարուրով: Նորից տաքանա մոր գրկի մեջ: Նորից թոթովի մոր լեզուն… Նա գնում է, որ նորից մայր ունենա: Նա գնում է, որ նորից հայր ունենա: Նա գնում է իր որբությունը անցկացնելու: Նա գնում է, որ նորից գա: Նորից սիրի… Ես ասում եմ՝ մարդն այս աշխարհից գնում է, որ այս աշխարհը գա»:
Այն, ինչ գրեցի, գրեցի հավատի մեջ մնալով։
Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ